Բարբառը լեզվի տարածքային տարբերակ է
Այսօր Ռուս-հայկական պետական համալսարանի խմբերից մեկում հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գ․ Գևորգյանը կազմակերպել էր բաց դաս՝ նվիրված հայերենի բարբառներին։ Բարբառը լեզվի տարածքային տարբերակ է, համաժողովրդական լեզվի ճյուղավորում, որը սպասարկում է հասարակության որոշակի հատվածի։ Այն գրական լեզվի ու այլ տարածքային տարբերակների (այլ բարբառների) հետ ունենում է ակնհայտ ընդհանրություններ, սակայն բնորոշը նրա համար հնչյունական, բառային, քերականական ու ոճաբանական այն առանձնահատկություններն են, որոնք պայմանավորում են նրա ինքնուրույնությունը։ Թեև ազգային լեզուների զարգացումը տանում է դեպի բարբառների աստիճանական վերացում, սակայն դրանք գրական լեզուն հարստացնելու կարևորագույն աղբյուր են։
Բարբառակիր ուսանողները ներկայացրին իրենց բարբառի առանձնահատկությունները, զվարճալի պատմություններ՝ բարբառով։ Արցախցի ուսանողները ոչ միայն սահիկաշարերի միջոցով ցուցադրեցին Արցախի բարբառի յուրահատկությունները, այլև հարցեր ուղղեցին ուսանողներին։ Դասը հագեցած էր, ուսանելի։