research
  • 22 Մայ
  • 2025

2025 թվականի մայիսի 15-16-ին Հայ-ռուսական համալսարանում կայացավ «Հայերենը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» միջազգային գիտաժողովը:

    Կազմակերպվել էր Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի համագործակցությամբ

    2025 թվականի մայիսի 15-16-ին Հայ-ռուսական համալսարանում կայացավ «Հայերենը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի համագործակցությամբ։ Գիտաժողովի բացման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՌՀ Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նինա Տատկալոն, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գայանե Գևորգյանը, բուհի ղեկավարության ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը։ Բացման ելույթներում շեշտվեց նման ձևաչափով գիտաժողովների անցկացման կարևորությունը՝ մասնավորապես հայերենի՝ որպես մայրենի, օտար և միջմշակութային հաղորդակցության լեզվի զարգացման և տարածման տեսանկյունից։ Գիտաժողովը համախմբել էր տարբեր երկրներից ժամանած մասնակիցների՝ ներկայացված գիտական շրջանակների կողմից։ Մասնավորապես, ելույթներով հանդես եկան Քեթրին Հոդգսոնը (Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիա), Անկե ալ Բաթայնեն (ԻՆԱԼԿՈ համալսարան, ԱՄՆ), Կարինե Կատանյանը («Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային մշակութային ինքնավարություն» ՀԿ, Ռուսաստանի Դաշնություն)։ Արժեքավոր զեկուցումներով հանդես եկան նաև Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ բգթ, դոցենտ Նաիրա Իսկանդարյանը, բգթ, դոցենտ Ժենյա Ռոստոմյանը, դոցենտ Կարինե Սահակյանը և ուրիշներ։ Համաժողովին իրենց մանսնակցությունը բերեցին նաև Երևանի Վ Բրյուսովի անվան լեզվաբանական և Մ Հերացու անվան բժշկանան համալսարանները ներկայացնող   մասնագետները։
    Գիտաժողովին հնարավոր եղավ միանալ նաև առցանց հարթակի միջոցով, ինչը նպաստեց նրա ընդգրկունությանը։ Հեռավար ձևաչափով գիտաժողովին միացան հայերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման փորձառու մասնագետներ, այդ թվում՝ Արմինե Մարտիրոսյանը (Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան, Ռուսաստանի Դաշնություն), Մերի Կնյազյանը (Պեկինի օտար լեզուների համալսարան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն), Երազիկ Կարապետյանը ( «Սասնա տուն» առցանց դպրոցի ղեկավար, Ռուսաստանի Դաշնություն)։ Նրանց զեկուցումներն էական ներդրում ունեցան գիտաժողովի գիտական արժեքի բարձրացման և միջմշակութային մասնագիտական երկխոսության զարգացման գործընթացում։