Ուսուցման տեսանկյունից բառակազմական, բառագիտական երևույթների բացատրությունը և ուսուցումը պետք է ծառայի բառապաշարի հարստացմանը
Հայ-ռուսական համալսարանում փետրվարի 3-ից սկսվել են դասերը։ Նոր կիսամյակի խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված հարցերի քննարկմանն էր նվիրված համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում փետրվարի 5-ին անցկացված գիտամեթոդական սեմինարը, որը վերաբերում էր հայերենի վատ իմացությամբ խմբերի կիսամյակային ծրագրերին, դասավանդման թեմատիկ ուղղվածությանը։ Բանախոսը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժենյա Ռոստոմյանը, նշեց, որ հայերենի դասավանդումը հայերենին չտիրապետողների և մասամբ տիրապետողների խմբերում իրականացվում է Լեզուների իմացության /իրազեկության/ համաեվրոպական համակարգի մոտեցումներով։ Համակարգի փուլերն են ուսումնառությունը, դասավանդումը և գնահատումը։ Առաջին երկու փուլը երկկողմանի աշխատանքի մասին է, վերաբերում է սովորողին և դասավանդողին, և առանց այս կապի՝ չկա ուսուցում։ Նկատենք, որ ըստ այս համակարգի՝ գնահատումը ևս դիտարկվում է որպես երկկողմանի աշխատանք՝ ինքնագնահատում և դասախոսի կողմից գնահատում։